ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Արցախյան հանրությունը շատ թանկ գին վճարեց իր դյուրահավատության, քաղաքական ու քաղաքացիական չհասության համար

Արցախյան հանրությունը շատ թանկ գին վճարեց իր դյուրահավատության, քաղաքական ու քաղաքացիական չհասության համար
04.10.2023 | 15:55

Տարիներ ու տասնամյակներ շարունակ Արցախի ԱԱԾ-ն երկրի բարձրագույն ղեկավարության անմիջական ցուցումով հետևել է մեր ամեն մի քայլին, ժուչոկախեղդ է արել մեզ, նրա տաք շնչառությունն ամենուր զգացել ենք մեր ծոծրակներին, հերյուրանքներ ու զրպարտություններ է տարածել բոլոր այն մարդկանց մասին, ովքեր պայքարել են համակարգային կոռուպցիայի դեմ և փորձել են անարժանների իշխանությունը փոխարինել արժանավորների իշխանությամբ, հանրության մեջ անվստահության մթնոլորտ են ձևավորել այն մարդկանց ու հասարակական գործիչների շուրջ, ովքեր չեն ենթարկվել իրենց, ովքեր չեն անցել իրենց թրի տակով, ովքեր չեն ծախվել, չեն վախեցել ու չեն գայթակղվել, ովքեր իրենց կարիերայի, առողջության ու նյարդերի հաշվին պայքարել են արդարության համար։ Նրանց դավաճաններ ու գործակալներ են համարել, իրենց վարձու գրչակներով ու հանցակից-շահառուներով տարիներ ու տասնամյակներ շարունակ թունավորել են նրանց կյանքը ու պաթոսախեղդ արել աջուահյակ։

Հետո՝ մի տգեղ օր, պարզվել է, որ դավաճաններն ու գործակալներն իրենց մերձավոր շրջապատում են, հենց իրենց մեջ են, ինչը լավագույնս է բնութագրում հենց իրենց, որովհետև հենց նմանների վրա էր խարսխված իրենց իշխանությունը՝ մորթապաշտ-կամակատարների, անձնական շահն ամեն ինչից վեր դասողների, ոչնչից չխորշողների ու սրբություն չունեցողների վրա։

Հետախուզական ողջ ռեսուրսը ներքին «թշնամիների» վրա մսխումը հանգեցրել է նրան, որ արդեն 44-օրյա պատերազմի նախօրեին օտարերկրյա գործակալներն ուղղակի վխտում էին ամենուր։

Մի կործանարար հանգամանք էլ կար։

Ծանր պահին ըստ ամենայնի դրսևորված իշխանությունների ապաշնորհությանը գումարվել է նաև հանրության ինքնակազմակերպման ջիղի կաթվածահար վիճակը։ Այդ ջիղը հետևողականորեն մեռցվել է նախորդ տարիներին։

ՈՒ ամենաաներևակայելին։ Երկիրը տասնամյակներ ի վեր ղեկավարած և իշխանության ղեկի կամ կերակրատաշտի մոտ գտնվող մարդիկ իրենց անվտանգությունը չէին կապում երկրի անվտանգության հետ։ Բայց հենց երկրի հետ էլ վարի գնացին։ Նույնիսկ ինքնապահպանման բնազդը չաշխատեց։

ՈՒ այսքանը հանրության համար հասկանալի դարձավ երկրի կորստի գնով։

Արցախյան հանրությունը շատ թանկ գին վճարեց իր դյուրահավատության, քաղաքական ու քաղաքացիական չհասության համար։

Հազա՜ր ափսոս, ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել…

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4757

Մեկնաբանություններ